суббота, 16 мая 2015 г.

ԵՒս մեկ անդրադարձ

Ամեն անգամ համոզվում եմ, որ շատ եմ սիրում իմ կրթահամալիրը, նրա ամեն մի անկյունն ու քարը, թուփն ու ծառը` իր թերություններով ու առավելություններով, նրա լավ ու ավելի լավ ուսուցիչներին: Երբ տարբեր առիթներով գնում եմ ուրիշ դպրոց, հասկանում եմ, թե որքան կեղծիք կա, որքան են կաղապարները սեղմում սովորողներին, որքան անազնվություն, անազատություն ու « տիկնիկային » մթնոլորտ է:
Որտեղ ներս մտնելու համար պետք է անցնես մի քանի անցակետ, երբ փորձում ես ներս մտնել, դռնից մեկ էլ հոպ՝ առջևդ հայտնվում է կիսասպիտակ մազերով մի պապիկ ու բամբ ձայնով ասում. « Ուր ես էթում, բալիկ ջան» , պատասխանում ես , անցնում առաջ, մեկ էլ հանկարծ զգում ես , որ ոտքերիդ ինչ -որ կեղտոտ շոր է կպչում: Պտտվում, տեսնում ես՝ տնտեսուհին մրթմրթալով մաքրություն է անում: Ու դու շփոթվում ես, մի բան ես հարցնում՝ դե մարդ ես, առաջին անգամն ես գնացել այդ դպրոց, հնարավոր է՝ նույնիսկ ցանկացածդ սենյակի տեղը չգիտես, քեզ անգամ չի էլ նկատում՝ մրթմրթալով շարունակում է թաց շորը չլմփացնել գետնին ու տանել -բերել: Հետո, երբ մի քանի րոպե ավել ես քայլում միջանցքում, մեկ էլ չգիտես, թե որտեղից հայտնվում է ուսմասվար կոչվածն ու հեգնանքով ասում. « Աղջիկ ջան, ում ես կորցրել » կամ` «ո՞ւմ ես ուզում » և այդպես շարունակ (խոսքս իհարկե բոլոր կրթօջախների մասին չէ):
Ես սովորաբար 20 րոպեից ավել չեմ կարողանում մնալ այդպիսի վայրերում: Այս նյութը գրելիս մտածում էի՝ կարող է դիտվել որպես գովազդ, բայց, անկեղծ ասած, էլ չէի դիմանում ու պետք է ասեի այդ մասին: Մեր կրթահամալիրն ունի այն ամենը, ինչը սովորաբար անհրաժեշտ է ստեղծագործող մարդուն: Մենք ունենք այնպիսի լավ տնօրեն ու ուսուցիչներ, տեխնիկական լայն հնարավորություններ, որ շատ դպրոցներ կերազեին ունենալ , ունենք այնպիսի ծրագրեր, որոնք միայն մենք ենք իրականացնում, ունենք այնպիսի ուսուցիչներ որոնք վերապատրաստում են Հայաստանի շատ ուսուցիչների և վեջապես՝ մեր դպրոցում կա այնպիսի ջերմ մթնոլորտ, ինչպիսին հիմա է: Մի պահ մտածում էի՝ արդյոք կարող եմ հիմա սովորել մեկ այլ դպրոցում ու հասկացա, որ եթե չլիներ կրթահամալիրը, միգուցե ես էլ լինեի այն հերթականներից մեկը, որոնք գնում են դպրոց` գնալու համար միայն: Եվ հիմա ուզում եմ ասել, որ մենք պետք է պահպանենք այն, ինչ ունենք, ձգտենք ավելիին և չնմանվենք ուրիշներին:

Комментариев нет:

Отправить комментарий